ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2024
Մրցույթ երիտասարդների համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն համատեղ հայտարարում են «Ջրային ռեսուրսների պահպանումը և կառավարումը երիտասարդների աչքերով» մրցույթ։
Մրցույթը նվիրված է Ջրի համաշխարհային օրվան և նպատակ ունի երիտասարդներին մասնակից դարձնել Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման հարցերին՝ ներկայացնելով ստեղծագործ և արդի լուծումներ։
Մրցույթին կարող են մասնակցել 8-ից 18 տարեկան անձինք՝

  • լրացնելով մասնակցության մոտիվացոն նամակը՝ https://bit.ly/48mQexY  հղմամբ,
  • ուղարկելով թեմատիկ ինֆոգրաֆիկա eahngo@gmail.com էլ. հասցեին։

Թեմատիկ ինֆոգրաֆիկայի պատրաստման պահանջներն են՝

  • ներկայացված լինի էլեկտրոնային տարբերակով,
  • արտացոլի համայնքում ջրային ռեսուրսներին առնչվող որևէ բնապահպանական խնդիր,
  • ցուցադրի ստեղծագործ լուծում՝ բարձրացված խնդրի համար,
  • նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, դպրոցն ու տարիքը։

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 15-ն է։
Լավագույն 5 դիմորդները հնարավորություն կունենան ներկա գտնվելու մարտի 22-ին Երևանում կայանալիք Ջրի համաշխարհային օրվա միջոցառմանը։
Միջոցառումը կազմակերպվում է «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակներում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։