Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ կազմակերպությունների ղեկավարներ։
Ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Կովկասի բնության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը, ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում կազամակերպությունն իր առաքելությունն իրականացնում է դեռ 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման գործում։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է կատարել շրջակա միջավայրի պաշտպանության և մեր երկրի արժեքավոր բնական ռեսուրսների պահպանման ուղղությամբ:
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ Շրջակա միջավայրի նախախարությունը կարևորում է Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ի շահ բնության հատուկ պահպանվող տարածքների առավել արդյունավետ կառավարման։
«Կոչ եմ անում ձեզ ավելի համախմբել մեր ջանքերը: Միայն միասին կարող ենք նոր բարձունքների հասնել բնության պաշտպանության գործում: Գործընկերային հարաբերությունները, պատասխանատվությունն ու նպատակայնությունը թող առաջնորդող լինեն բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում և թող հաջորդ 15 տարիները մեր համագործակցության համար դառնան մեծ ձեռքբերումների և նոր հաղթանակների ժամանակ»,-նշել է Արա Մկրտչյանը։
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) 15-ամյակի շրջանակում ներկայացվել է հիմնադրամի կողմից հրատարակված Բերտա Մարտիրոսյանի «Հայաստանի թռչունները» լուսանկարների գիրքը։