Հուլիսի 26-ին տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի ճանաչելի դարձնել մեր երկրում կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Իրականացված ծրագրերի բաղադրիչով ներկայացվել էր շուրջ 70 հայտ բոլոր յոթ անվանակարգերով, և կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուծման ավելի քան 30 նոր գաղափարների հայտ։
Մրցանակաբաշխության ընթացքում յուրաքանչյուր անվանակարգում հայտարարվեց մեկ հաղթող մասնակից:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության հետանքով առաջացած մարտահրավերներին և այդ փոփոխությանը դիմակայելու գործում կանանց դերակատարությանը.
«Ինչպես գիտեք, Կլիմայի փոփոխությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, հատկապես զարգացող երկրներում: Գերակշռող գենդերային դերերի և սոցիալական կարծրատիպերի պատճառով կանայք հաճախ ավելի մեծ պատասխանատվություն են կրում ընտանիքի համար սնունդ, ջուր և վառելիք ապահովելու համար: Եվ քանի որ այդ ռեսուրսներն ավելի ու ավելի քիչ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով, բեռը անհամաչափ է ընկնում կանանց վրա:
Այնուամենայնիվ, կանայք ոչ միայն կրում են կլիմայի փոփոխության հետևանքները, այլև առանցքային դեր են խաղում դրանց դեմ պայքարում: Կանայք հաճախ ավանդական գիտելիքների և գործելակերպի պահապաններն են, որոնք կարող են օգնել մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը: Կանայք ցուցաբերում են նորարարության և ձեռներեցության բարձր աստիճան բնապահպանական խնդիրների լուծումներ գտնելու հարցում։
Կարևոր է, որ կանայք լիովին ներգրավված լինեն կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման և քաղաքականության մշակման մեջ: Նրանց ձայնը, փորձը և գիտելիքները պետք է լինեն լսելի և հաշվի առնվեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ռազմավարությունները կազմելիս։
Այս քաղաքականությունն է որդեգրել մեր Կառավարությունը. մի շարք ոլորտային ռազմավարական ծրագրերում, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, ջրային ռեսուրսների բնագավառների զարգացման ռազմավարություններում կարևորվել է կանանց դերակատարումը, նախատեսվել են կրթական և գենդերային առաջնահերթ միջոցառումներ»,-նշել է Արամ Մեյմարյանը։
Միջոցառման շրջանակում մրցանակներ են շնորհվել հետևյալ անվանակարգերում՝
-Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ,
-Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ,
-Կլիմայական խնդիրների լուսաբանում,
-Կլիմայական կրթությունը բոլորի համար,
-Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ,
-Երիտասարդները կլիմայական գործողություններում: