ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Կլիմայի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն Ազգային ժողովում ներկայացրեց  «Կլիմայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։
Օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների, նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
Օրենքի խնդիրներն են ձևավորել կլիմայական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունքների գնահատման, այդ գործընթացների համակարգման և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգը, ամրագրել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, նպաստել կլիմայական քաղաքականության իրականացման համար կայուն ֆինանսական հոսքերի ձևավորմանը՝ գործող և նորարարական մեխանիզմների շարունակական կիրառման միջոցով, հիմքեր ապահովել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ընդունված Փարիզյան համաձայնագրով նախատեսված թափանցիկության ընդլայնված շրջանակին համապատասխան չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի կայացման և շարունակական զարգացման համար, նպաստել շրջակա միջավայրի, բնակչության, մարզերի, համայնքների, տնտեսության ճյուղերի ու ենթակառուցվածքների կարողությունների զարգացմանը՝ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցությանը և բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի առանցքային պատճառներով՝ Հայաստանը վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան և դրա Փարիզյան հռչակագիրը, որով մեր երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն, ինչպես նաև բացել է լայն հնարավորություններ՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ՝ պայքարելու կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած բացասական հետևանքների դեմ:
«Օրենքի ընդունման դեպքում ակնկալում ենք ունենալ հստակ սահմանված տնտեսության դիմակայունությանն ուղղված նպատակներ և հնարավորություններ, հստակ սահմանված իրավասություններ և պարտականությունների շրջանակ, ներդրված նորարարական ֆինանսական մեխանիզմներ, ջերմոցային գազերի արտանետումների, երկրից ստացած ֆինանսական աջակցության և իրականացված քաղաքականության արդյունքների հաշվառման և հաշվետվողականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ համակարգ»,- պարզաբանեց նա: