Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ:
Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։
Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և դուրս է բերվել մեծ ծավալի աղբ` շուրջ 1600 պարկ:
Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստեց միջավայրի բարելավմանը, այլ նաև ծառայեց որպես հիշեցում՝
- Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից,
- Մաքուր միջավայրը մեր ամենօրյա ընտրության արդյունք է,
- Պատասխանատու վերաբերմունքն այսօր՝ առողջ բնություն վաղը։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին ու մասնակիցներին՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու և բնությանը շունչ տալու պատրաստակամության համար։
