Ի պատասխան armlur.am լրատվական կայքում հրապարակված «30 հազար դոլար են ծախսել մեկ ջերմոց կառուցելու համար, որոնցից 4-ը հետո քանդվել է. Սիմիդյանի նախարարությունում բարձիթողի վիճակ է» վերտառությամբ գրառման՝ հայտնում ենք հետևյալը.
hամաձայն «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ ԲԾԻԳ ՊՀ) և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության միջև 2021 թվականի փետրվարի 11-ին կնքված պայմանագրի՝ ԲԾԻԳ ՊՀ իրականացնում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում մեղմման միջոցով» դրամաշնորհային ծրագրի «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչը։
Բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիների աճեցման նպատակով պետք է կառուցվեր 500քմ մակերեսով թվով 6 ջերմատուն։
Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։
Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։
Մրցույթին մասնակցել են 2 կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն։ Ընտրված կազմակերպությունը որևէ անձի հետ փոխկապակցված չէ, որի վերաբերյալ առկա է նաև կազմակերպության ներկայացրած շահերի բախման բացակայության վերաբերյալ հայտարարությունը։
Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2023 թվականին հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։
Տեղեկացնում ենք, որ «Տաշիր» մասնաճյուղի տարածքում կառուցված ջերմատունը վնասվել է աննախադեպ ուժեղ քամիների, իսկ «Սիսիան» մասնաճյուղի ջերմատունը` տարածքին ոչ բնորոշ ձյան առատ տեղումների պատճառով։
Աննախադեպ ուժեղ քամիների և տարածքին ոչ բնորոշ ձյան առատ տեղումների վերաբերյալ առկա են շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված հետազոտությունների տվյալները։
«ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել են վերականգնման աշխատանքները։
Հրապարակված տեղեկատվության այլ հարցադրումները չեն համապատասխանում իրականությանը։