Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ
Հարգելի քաղաքացիներ, Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
- ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,
- Ջրի բարձր ջերմաստիճան,
- Լույսի բավականին մեծ ինտենսիվություն
- Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։
Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։
Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
- կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
- գյուղատնտեսություն և անասնապահություն,
- ջրածածկ բուսական տարածքներ,
- ցանցավանդակային ձկնաբուծություն,
- կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։
Հայտնում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր.
- Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում
- Ձկնապաշարի համալրում
- Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում
- Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
- (Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)
- Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում
- Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ
- Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում
- «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝
- Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում,
- էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում,
- կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում,
- Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում,
- Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։
Մասնավորապես կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։
Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո։