ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2022
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում  (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը  փոխըմռնման հուշագիր են ստորագրել։
Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա ուշադրություն գրավելու կարևորությունը և ակնկալելով հետագայում զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Համաձայն հուշագրի կողմերի համագործակցությունը լինելու է հետևյալ ոլորտներում՝ 
-կենսաբազմազանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
- կլիմայի փոփոխություն,
- ջրային ռեսուրսների կառավարում,
- թափոնների և վտանգավոր նյութերի կառավարում,
- անտառների կայուն կառավարում,
- բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարում,
- շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործում:
Կողմերը կգործադրեն  առավելագույն ջանքեր՝ նպաստելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցային նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ համաձայն երկու պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի:
Կողմերը  իրար հրավիրել են միմյանց երկրներ  փոխադարձ այցելության:
Նախարարի տեղակալը ակնկալում է Հայաստանում էկոկրթության շուրջ աշխատաժողով կազմակերպել: