2025 թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի շրջանակում։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Իր ելույթում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտեց երեխաների ակտիվ ներգրավվածության կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության գործընթացներում՝ նշելով.
«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լուրջ քայլերում անչափ կարևոր է երեխաների ակտիվության դրսևորումը և նրանց ձայնը լսելի դարձնելը»։
Երեխաները բարձրացրին կարևոր հարցեր՝ կապված թափոնների վերամշակման և տեսակավորման, ջրի ու օդի աղտոտվածության, պլաստիկի վերամշակման և կլիմայի փոփոխության խնդիրների հետ։ Արամ Մեյմարյանը պատասխանեց երեխաների հարցերին` ընդգծելով, որ երեխաների մասնակցությունը կարող է զգալի փոփոխություններ բերել։
Քննարկումների առանցքում էին էկոկրթության զարգացումն ու մարդու կապի ամրապնդումը վայրի բնության հետ՝ որպես կայուն ապագայի ձևավորման նախադրյալ։
