Նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության գործունեության 2023 թվականի հիմնական արդյունքները:
Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ «Էկոպարեկային ծառայության մասին» նոր օրենքի ընդունմամբ բնության հատուկ տարածքների պահպանությունը կիրականացվի 24/7 ռեժիմով.
«Այս պահին մենք դա իրականացնում ենք 8-ժամյա ռեժիմով: Էկոպարեկային ծառայողին կտրվեն նոր հնարավորություններ ու լիազորություններ»,-նշել է նախարարը։
Նախարար Սիմիդյանը խոսել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում իրականացված կարեւոր փոփոխությունների մասին: Նշվել է, որ համայնքի ավագանուն է վերապահվել համայնքի կողմից գործունեության տեսակի վերաբերյալ տրվող դրական կամ բացասական եզրակացությունը: Նախկին կարգավորմամբ դա համայնքապետի լիազորությունների շրջանակում էր: Փոփոխությունը կնպաստի ուժեղացնել ավագանու ինստիտուտը:
Ջրային օրենսգրքում փոփոխությամբ էլ ջրախնայող համակարգում նախատեսվում է ունենալ առնվազն 40 տոկոս ջրախնայողություն: Նախարարն հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է ունենան առցանց ջրահաշվիչ սարքեր: Դրանց բացակայության դեպքում սահմանված են վարչական տուգանքներ:
Հստակեցվել են նաեւ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը: Քրեական պատասխանատվություն է սահմանվել ստորերկրյա ջրերի ապօրինի շահագործման համար:
Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների ռիսկերի կառավարման մասով ընդունվել է ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը.
«Նպատակ ունենք մինչեւ 2050 թվականը նվազեցնել մեկ շնչի հաշվով CO2-ի արտանետումները մինչեւ 2,7 տոննա»,- ընդգծել է նախարարը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարարի տեղեկացմամբ խստացվել է սիգի ապօրինի որսի վարչական պատասխանատվությունը: Նշվել է, որ առաջին անգամ Կառավարությունը շուրջ 60 մլն դրամ է հատկացրել Սեւանի ջրի որակի մշտադիտարկում իրականացնելու համար:
Նախարար Սիմիդյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի վերականգնմանը, ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակում համապատասխան ծառայողների կարողությունների զարգացմանը, ջրային ռեսուսների արդյունավետ կառավարմանը եւ այլն: