ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2024
Հայաստանի բնության պետական թանգարանում նշվեց Լեռների միջազգային օրը

Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը։
Լեռների միջազգային օրը հիշարժան դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում պատանի լեռնասերները  մասնակցել են «Լեռների միջազգային օրը» խորագրով էկոդասին։
Ներկայացնելով օրվա խորհուրդը՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը խոսել է լեռների մասին, ներկայացրել դրանց նշանակությունը որպես էկոհամակարգեր, ինչպես նաև պատմել լեռնագնացության ու բնության ճանաչողության մասին։ 
Միջոցառմանը, որպես հատուկ հյուր, մասնակցել է  լեռնային ուղեկցորդ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ, «North Peak» լեռնային ակումբի հիմնադիր և ղեկավար Սամվել Մանուկյանը, որը ներկաների հետ կիսվել է իր փորձով ու գիտելիքներով, ներկայացրել արշավականների համար նախատեսված անվտանգային պարագաները։
Սամվել Մանուկյանը խոսել է  Հայաստանում վերջին տարիներին առավել մեծ տարածում գտած զբաղմունքի՝ լեռնագնացության մասին, անդրադարձել վերելքների ժամանակ հանդիպող խնդիրներին։ Բանախոսը նշել է, որ որքան էլ նորաձև զբաղմունք է համարվում լեռնագնացությունը, այնուամենայնիվ այն պահանջում է մասնագիտական մոտեցում, հատուկ հմտություններ և գիտելիքներ, քանի որ այստեղ գործ ունենք մարդու առողջության և անվտանգության խնդիրների հետ։
«Լեռներ բարձրանալն օգնում է ճանաչել քո ֆիզիկական և հոգեբանական սահմանները»,-նշել է Սամվել Մանուկյանը։
Միջոցառումն ուղեկցվել է ակտիվ հարցուպատասխանով։
Առավել  ակտիվ մասնակցություն ցուցաբերած լեռնասերները խրախուսվել են նվեր- տոմսերով, որոնցով կարող են մասնակցել լեռնային վերելքների։ 
Լեռների միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝  սկսած 2003 թվականից։
Գլխավոր ասամբլեայի բանաձևում համաշխարհային միությանն առաջարկվել է «այդ օրը կազմակերպել միջոցառումներ բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել լեռնային շրջանների կայուն զարգացման նշանակությունը»։
2024 թվականին Լեռների միջազգային օրը (IMD 2024) կենտրոնանում է ժողովուրդների կարողությունների և կարիքների վրա՝ եռակի մոտեցման միջոցով՝ «Լեռնային լուծումներ կայուն ապագայի համար՝ նորարարություն, հարմարվողականություն և երիտասարդություն» խորագրով։