ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2021
Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները հավասարակշռելու, ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին հասնելու նպատակով և բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման մեջ։
Համաձայն այդ փոփոխությունների սահմանվել են նվազագույն պահանջներ և պայմաններ, որոնք կապահովվեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորությունների ընձեռման, մրցունակ ծրագրերի ներկայացման և դրանց կյանքի կոչելու գաղափարները։
Համաձայն ընդունված փոփոխությունների.
1. մրցութային փաթեթներին ներկայացվել են հետևյալ նվազագույն պահանջները՝

ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը և ծավալները
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքները),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.

2. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում   մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում  են հետևյալ պայմանները՝

ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
դ. սանհանգույցների առկայությունը,
ե. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
է. ըստ անհրաժեշտության «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը:

Համաձայն սահմանված կարգավումների վերոնշյալ նվազագույն պահանջներն ու պայմանները համարվում  են խիստ կարևոր և Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվող պայմանագրերում կամրագրվեն որպես այդ պայմանագրի էական պայմաններ և դրանցից որևէ մեկի խախատման դեպքը հիմք կհանդիսանա պայմանագրերի վաղաժամկետ լուծման համար։ 
Մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկության, արդարության և անաչառության սկզբունքի պահպանման համար որոշմամբ սահմանվել են նաև միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անդամների կողմից մրցութային փաթեթների գնահատման սկզբունքները։ Դրանք են՝ 

ներկայացված փաթեթների համապատասխանությունը վերոնշյալ պահանջներին և պայմաններին,
հողամասի համար առաջարկվող բարձր վարձավճարի (վճարի) չափը,
օբյեկտի կարճ ժամանակում կառուցապատման և (կամ) շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
գործունեության բնապահպանական ուղղվածությունը,
նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը, ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
նախատեսվող գործունեության ռեսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Սույն կարգավորումները միտված են բնության հատուկ պապհպանվող տարածքների հողամասերի կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանության գերակայության ապահովմանը։