Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախարարն իր խոսքում նշել է, որ օրենքը կարգավորում է մետաղական հանքարդյունաբերողների և այլ խոշոր ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին մասհանումների իրավահարաբերությունները։
«Համաձայն օրենքի՝ նշված ընկերությունների կողմից վճարված բնապահպանական հարկի՝ մասնավորապես, մթոլորտային օդ անշարժ աղբյուրներից արտանետումների, ջրային ավազան արտանետումների և թափոնների տեղադրման համար ՀՀ պետական բյուջե մուտքագրված գումարների շրջանակներում, ազդակիր համայնքները սահմանված կարգով կազմում են բնապահպանական ծրագիր, որը կարող է իր մեջ ներառել ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջապահական միջոցառումներ։
Համայնքների կողմից կազմված Ծրագրերը համաձայնեցվում են և շրջակա միջավայրի բնագավառի և առողջապահության բնագավառի լիազոր մարմինների հետ, որից հետո սահմանված կարգով, ըստ համայնքների առանձին տողով արտացոլվում են ՀՀ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում»,-նշել է նախարարը։
Այսպիսով, Օրենքով սահմանված են մասհանումների չափերի որոշման մեխանիզմը, բնապահպանական հարկի տեսակները, բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումների նպատակայնությունը, ծրագրի նախագծի մշակման համար պատասխանատուն և ծրագրի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման պահանջները։
Օրենքով ամրագրված են նաև համայնքների կողմից կազմվող բնապահպանական ծրագրերին ներկայացվող պահանջները, մասնավորապես այն միջոցառումները, որոնք կարող են ներառվել համապատասխան Ծրագրերում։
Նախագծով առաջարկվում է սահմանել համայնքների կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերին ներկայացվող առավել հստակ պահանջներ՝ ուղղված բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։
Հաշվի առնելով, որ գործող օրենքն ընդունվել է 2001 թվականին, քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է այն շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» նոր օրենքի պահանջներին։
