ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.10.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցում է Կենսաբանական բազմազանությանն մասին կոնվենցիային ուղղված նիստին ու հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գտնվում է Պանամայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստին, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և այլ դրույթների վերաբերյալ օժանդակ մարմնի առաջին հանդիպմանը: 
Այցի շրջանակում նախարարի տեղակալը մասնակցել է նաև «Լեռները՝ կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցության սրտում. ռազմավարական էկոհամակարգեր՝ գլոբալ շրջանակների առաջմղման համար» խորագրով թեմատիկ միջոցառմանը և հանդես եկել ելույթով։
Արամ Մեյմարյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ «Լեռները կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցության առանցքում» թեման լիովին արտացոլում է մեր առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ լեռնային էկոհամակարգերը ռազմավարական նշանակություն ունեն՝ կարգավորելով ջրային հոսքերը, ապահովելով կենսական ռեսուրսներ, սնունդ և դեղաբույսեր, պահպանելով էնդեմիկ տեսակների և գենետիկ բազմազանության հարուստ պաշարները, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց մշակութային ժառանգությունը։
Նախարարի տեղակալը նշել է, որ լեռները միևնույն ժամանակ յուրօրինակ բնական լաբորատորիաներ են, որտեղ կլիմայական և էկոհամակարգային փոփոխությունները դրսևորվում են առավել հստակ։ Համաշխարհային գնահատականների համաձայն՝ լեռները կազմում են Երկրի ցամաքային տարածքների զգալի մասը և աջակցում են մոտ մեկ միլիարդ մարդու կենսապահովմանը, մինչդեռ գտնվում են կլիմայական փոփոխությունների, հողօգտագործման ընդլայնման, անտառահատումների, գերխոտածման և ներխուժող տեսակների ճնշման տակ։
Արամ Մեյմարյանը ընդգծել է, որ այս գլոբալ միտումները ակնհայտ են նաև Հայաստանում. նկատվում են էկոհամակարգերի բարձրադիր տեղաշարժեր՝ արիդ և կիսաարիդ գոտիների ընդլայնում բարձրության վրա հարյուրավոր մետրերով, ալպյան մարգագետինների կրճատում, տեսակային կազմի փոփոխություններ և անտառաճի վատթարացում, ինչը կարող է հանգեցնել ավելի քան 17 հազար հեկտար անտառի կորստի։ Այս փոփոխությունները անմիջականորեն ազդում են ջրային անվտանգությանը, գյուղատնտեսությանը, սննդի արտադրությանը և մարդկային առողջությանը՝ ընդգծելով էկոհամակարգերի դիմակայունության ամրապնդման և հարմարվողական միջոցառումների անհրաժեշտությունը։
Ելույթում որպես հաջողված օրինակ ներկայացվել է Հայաստանի եզակի բարձրալեռնային էկոհամակարգը՝ Սևանա լիճը։ Նախարարի տեղակալը նշել է, որ լճի ջրի մակարդակի վերականգնման, ջրի որակի բարելավման և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերը վկայում են լեռնային էկոհամակարգերի և ջրային համակարգերի անբաժանելի կապի մասին։ Վերին ավազանների անտառապատման, կայուն ջրավազանային կառավարման և գետերի պաշտպանության ծրագրերը, ըստ նրա, ոչ միայն ամրապնդել են Սևանի դիմակայությունը, այլև ցույց են տվել լեռների դերը ջրային հոսքերի կարգավորման, կենսաբազմազանության պահպանման և համայնքների բարեկեցության ապահովման գործում։
Արամ Մեյմարյանը կարևորել է երկու ռազմավարական ուղղություն՝
- Բնության վրա հիմնված լուծումների մասշտաբային կիրառում լեռնային ավազաններում՝ վերականգնման, անտառների և հողի կայուն կառավարման, էրոզիայի կանխարգելման միջոցով, որոնք ներդրում են ջրային և կլիմայական կայունության ամրապնդման գործում։
- Լեռնային էկոհամակարգերի դերի ամրապնդում գլոբալ կենսաբազմազանության և կլիմայական քաղաքական շրջանակներում՝ ապահովելով դրանց լիարժեք ներառումը ազգային և միջազգային պլանավորման, մոնիթորինգի և հաշվետվական գործընթացներում։