ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին:
Ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային  համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։
Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել  Էկոպարեկային ծառայության ստեղծմանը, անտառվերականգնման և պահպանության հիմնախնդիրներին:
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում, «Ջրային օրենսգրքում», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները և բարեփոխումները:
Առանձին անդրադարձ է կատարվել  մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացներին:
Նախարարը տիկին դեսպանի հետ խոսել է նաև  բնապահպանական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մասին` անդրադառնալով Օրհուս գրասենյակների վերագործարկման ընթացիկ աշխատանքներին:
Տիկին դեսպանն իր գոհունակությունն է հայտնել  ներառական մոտեցման վերաբերյալ:
Նախարարը տիկին դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: