2024 թվականի սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին. արջը վիրավոր է։
Միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից ժամանած մասնագետները արջին անզգայնացրել են և տեղափոխել հստուկ ազատավանդակով, ապա անասնաբույժի կողմից կատարվել է կզակի վնասվածքի վիրահատություն:
Համապատասխան մասնագետների ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի Ուրցաձոր համայնքում գտնվող հատուկ վերականգնողական տարածք, որտեղ կենդանին լիարժեք վերականգնումից հետո բաց կթողնվի բնություն:
Վերոնշյալ աշխատանքները կատարվել են հիմնադրամի աշխատակիցների կողմից։