ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2025
Կորուստի և վնասի արձագանքման հիմնադրամի 5-րդ նիստ․ Հայաստանի մասնակցությունն ու կարևոր ընդգծումներ

2025 թվականի ապրիլի 8-10-ը Բարբադոսի Բրիջթաուն քաղաքում կայացել է Կորուստի և վնասի արձագանքման հիմնադրամի խորհրդի հինգերորդ նիստը։ Հայաստանը նիստին ներկայացրել են հիմնադրամի խորհրդի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանը։ Նիստի ընթացքում ընդունվել է մի շարք կարևոր որոշումներ, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունի 2025-2026 թթ․ համար նախատեսված առաջին միջամտության փաստաթուղթը՝ «Բարբադոսի իրականացման մեխանիզմներ» վերնագրով։ Մեխանիզմների իրագործման համար հաստատվել է 250 մլն ԱՄՆ դոլարի բյուջե։ Բարբադոսի իրականացման մեխանիզմների հիմնական շեշտադրումները հետևյալն են․ Աջակցություն համայնքներին՝ երկրների կողմից ղեկավարվող ներքևից վերև մոտեցումների միջոցով։ Առավելություն փոքր կղզի զարգացող պետություններին և ամենաքիչ զարգացած երկրներին. ընդհանուր միջոցների 50%-ը կուղղվի հենց այս խմբերին։ Ֆինանսավորումը կիրականացվի դրամաշնորհների տեսքով՝ յուրաքանչյուր նախագծի համար 5-ից 20 մլն դոլարի չափով։ Կքննարկվեն ինչպես տնտեսական, այնպես էլ ոչ տնտեսական կորուստներն ու վնասները, ներառելով նորարարական մոտեցումներ և գործընկերություն համայնքների, քաղաքացիական հասարակության և խոցելի խմբերի մասնակցությամբ։ Հիմնադրամը հանձնառու է գործել թափանցիկության, հաշվետվողականության և ազդեցության գնահատման սկզբունքներով։ Նիստի շրջանակում կազմակերպվել է նաև երկկողմ հանդիպում Հիմնադրամի գլխավոր տնօրեն պրն. Իբրահիմա Շեյխ Դիոնգի հետ։ Նոնա Բուդոյանը շնորհակալություն է հայտնել մինչ օրս կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով անկախ քարտուղարության ձևավորման ժամանակ գենդերային և տարածաշրջանային հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը և հույս է հայտնել, որ Հիմնադրամի գլխավոր տնօրենը կընդունի մասնակցության հրավերը՝ այդպիսով ընդգծելով հիմնադրամի դերը կենսաբազմազանության կորստի կանխման գործում։ Հիմնադրամի 5-րդ նիստում ընդունված որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/eSr6w