Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում հանդիպել է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիաի գործադիր քարտուղարի Աստրիդ Շոմեյքերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են COP17 համաժողովի կազմակերպչական մի շարք հարցեր և ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև այն առաջնահերթ քայլերը, որոնք անհրաժեշտ են իրավիճակի ճիշտ գնահատման և արդյունավետ լուծումների առաջմղման համար։
«Համաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացումն առավել հետևողական և չափելի դարձնելու համար կարևոր է վերանայել մոտեցումները և արագացնել արդյունք ապահովող գործողությունները»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում նախարար Մաթևոսյանն անդրադարձել է նաև COP17-ի նախագահության և նախարարական հատվածի անցկացման հարցերին` շեշտելով, որ մեր նպատակը բարձր մակարդակի, բովանդակային և արդյունավետ քննարկումներ կազմակերպելն է՝ միջազգային գործընկերների լայն ներգրավմամբ։
Քննարկվել են կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման ճանապարհին հասանելի ռեսուրսները և աջակցության հնարավորությունները՝ ներառյալ տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացում և ֆինանսական միջոցների առավել նպատակային համադրում։


