ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը հանդիպում-քննարկում է ունեցել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կոնվենցիայի գործադիր քարտուղարը ներկայացրել է COP17-ի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության պատկերացումները, անելիքները և այդ ամենին քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերը։
Քննարկվել են Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներում բնապահպանական քաղաքականության և գործողությունների նոր հնարավորությունները։ Աստրիդ Շոմեյքերը շեշտել է, որ կենսաբազմազանության պահպանման խնդիրները պահանջում համատեղ ջանքեր, և կարևոր է տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ բնապահպանական կազմակերպությունների ու հասարակական նախաձեռնությունների ներդրումը COP17-ի շրջանակում կարող է ծառայել որպես խթան նոր գաղափարների ու լուծումների համար։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին բնապահպանական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և արդյունավետ համագործակցության համար։
Բնապահպանական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերից և նախագծերից և հարցուպատասխան ունեցել համաժողովին իրենց մասնակցության և ներգրավվածության վերաբերյալ։
