ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2023
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն պարոն Դոն Լամբերտին

Ողջունելով գործընկերներին՝ Շրջակա միջավայրի նախարարը նախ շնորհավորել է պարոն Լամբերտին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի ոլորտի կառավարման բարելավմանն ուղղված գործուն քայլեր կձեռնարկվեն։
Պարոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ՀՀ Կառավարության կլիմայական օրակարգը և այդ օրակարգի հարցերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Ասիական զարգացման բանկի ռազմավարական ծրագրին, որն այս պահին մշակման փուլում է։
Նշենք, որ այս պահին ԱԶԲ կողմի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

  • Հայաստան՝ Սևանա լճի կայուն զարգացում։ Ռազմավարական տարածական պլանավորման մոտեցում 
  • Աջակցություն Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների կլիմայի դիմակայունության զարգացմանն ուղղված որոշումների կայացմանը
  • Մոնիթորինգի չափման մեխանիզմների ստեղծում Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար
  • Աջակցություն Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման բարելավմանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես մոնիթորինգային կարողությունների հզորացման և արդիականացման խնդրին։
Նախարարը խոսել է շրջակա միջավայրի ռազմավարության մշակման մեկնարկած գործընթացից, հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և մթնոլորտային օդի որակի վերահսկմանն ուղղված քայլերից և այդ համատեքստում նույնպես կարևորել մոնիթորինգային ճշգրիտ տվյալների առկայությունը և ժամանակին արված ուսումնասիրություները։ 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: