ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2023
Ասիական զարգացման բանկի Ջրի և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրենն այցելել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան

Ասիական զարգացման բանկի Ջրի և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրենն այցելել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում կեղտաջրերի կառավարման շահագրգիռ գերատեսչությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Ասիական զարգացման բանկի (ADB) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի ներկայացուցիչներն այցելել են Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան՝ տեղում ծանոթանալու և դիտարկելու կայանի աշխատանքները։
Կայանն ապահովում է Գավառ խոշորացված համայնքի 6950 տնային տնտեսություններից 3959-ի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը։ Այսինքն, կոյուղացված է Գավառի 57%։ Ընդհանուր նախագծային հզորությունը կազմում է 19008 խմ/օր, սակայն այժմ օրեկան միջինում ապահովվում է 2163 խմ։
Տարեկան հեռացվում է 250,2 տոննա կոշտ թափոն։ 
Տեղում դիտարկվել է կայանի աշխատանքը, քննարկել լավարկման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի և ԳՀՄԸ-ի միջև կնքվել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր: 
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը նախատեսում է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացնել Գավառի կայանի մեխանիկական բաղադրիչի արդիականացում, ինչը նշանակում է, որ գործող մեխանիկական բաղադրիչի հարևանությամբ կկառուցվի նոր, ավելի արդյունավետ ենթակայան, որը արդեն իսկ մեխանիկորեն մաքրված կեղտաջուրը կենթարկի ավելի խորը մեխանիկական մաքրմանը։ Նախատեսվում է կայանը հանձնել 2024 թ. հուլիս-օգոստոս ամիսներին։ Սպասարկումը նախատեսվում է իրականացնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից։
Այցելվել և դիտարկվել են նաև մի շարք տնային տնտեսություններ, որոնք չունեն կոյուղացման համակարգ։
Դաշտային այցին հաջորդել է Գեղարքունիքի մարզպետարանում քննարկումը, որի ընթացքում քննարկվել են լճի ավազանի բնակավայրերի կենցաղային, տնտեսական կեղտաջրերի խնդրի լուծման տարբերակներ, այդ թվում՝ Սևանա լճի ավազանում կենսաբանական կեղտաջրերի մաքրման և ցանցի վերականգնմանն ուղղված ներդրումների հնարավորությունը։