ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2024
Շիրակի մարզպետին է ներկայացվել «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագիրը

Շիրակի մարզպետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագիրը։
Մարզպետն ընդունել է ծրագրի պատասխանատուներ Դավիթ Նիկողոսյանին և Արմեն Աջամօղլյանին։
Հանդիպման ժամանակ պատասխանատուները մարզպետին են ներկայացրել 2019-ից մեկնարկած «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի ընթացքն ու արված աշխատանքներին անդրադարձել՝ նշելով, որ ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից։ Ծրագրի տարածքն ընդգրկել է Արթիկի տարածաշրջանը, որը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքավայրերով:
Կարևորելով բնապահպանական հիմնահարցերի օր առաջ լուծումն ու շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված ջանքերը՝ Շիրակի մարզպետը գնահատելի է համարել մինչ օրս արված աշխատանքներն ու անդրադարձել դրանց պահպանմանն ու համայնքի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրով նախատեսված հետագա քայլերի իրականացմանն առնչվող հարցեր։