Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ԱրմՍվիսԲանկի հավատարմագրումը և դրա հնարավորությունները
2025 թվականի փետրվարի 18-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) Խորհրդի 41-րդ տարեկան ժողովի ընթացքում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն ստացել է հավատարմագրում՝ դառնալով Հայաստանում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին և միակ մասնավոր կառույցը։
ԱրմՍվիսԲանկն առաջադրվելով ազգային լիազոր մարմնի` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից, 2020 թվականից գտնվում էր Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացում։
Այսօր պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից Արմսվիսբանկի հավատարմագրումը և դրա հնարավորությունները» խորագրով աշխատաժողով-քննարկում, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի հավատարմագրման գործընթացին, կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կայուն զարգացման ճանապարհին երկրի համար այս առանցքային իրադարձության ընձեռած հնարավորություններին.
«Այս ձեռքբերումը վկայում է կանաչ ֆինանսավորման և կայուն ներդրումների հանդեպ բանկի հանձնառության մասին՝ նշանավորելով պատմական պահ կլիմայի փոփոխության դեմ պայքարում Հայաստանի մասնավոր հատվածի դերի և ներգրավվածության տեսանկյունից։
Մենք Հայաստանում ունենք ֆինանսական կառույց, որն ուղիղ հասանելիություն ունի Կանաչ կլիմայի հիմնադրամին և հիմնադրամի միջոցների օգնությամբ կարող են պետական համակարգի ու մասնավոր հատվածի համագործակցությամբ իրականացվել ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությանը հարմարվելու կլիմայի փոփոխություններին և իրականացնելու ցածր ածխածնային արտանետումների նվազեցման իր հանձնառությունները,-նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նման գործընթացների արդյունքում Հայաստանն էլ ավելի ընդգրկված է դառնում գլոբալ կանաչ օրակարգին»։
Նախարարի տեղակալը հորդորել է համագործակցություններ նախաձեռնել և ներդրումներ կատարել Հայաստանի՝ կանաչ տնտեսությանն անցման գործում.
«Գործընկերային, ռազմավարական և ֆինանսական արդյունավետ մեխանիզմների միջոցով մենք կարող ենք այս հավատարմագրումը վերածել իրական և երկարաժամկետ փոփոխության մեր երկրի համար»:
Հիշեցնենք, որ Հավատարմագրման շնորհիվ բանկը ստացել է ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն կլիմայական ֆինանսավորման հիմնադրամին՝ հնարավորություն ստանալով ներգրավել մինչեւ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ միջոցներ՝ Հայաստանի կլիմայական օրակարգին համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար։
Բանկը կկենտրոնանա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, կայուն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման վրա, որոնք կնպաստեն ՀՀ կլիմայական ռազմավարության իրականացմանը։
Աշխատաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, «ԱրմՍվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Միջոցառումը եզրափակվել է «Կանաչ ֆինանսավորում՝ կայուն Հայաստանի համար» խորագրով պանելային քննարկմամբ, որին մասնակցել է նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը։
Արմեն Եսոյանը ներկայացրել է, թե ինչպիսի ծրագրեր են արդեն իրականացվել Հայաստանում կանաչ ֆինանսավորման ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցվել։
ԲԾԻԳ-ի տնօրենը, որպես 6 տարի Կանաչ կլիմայի հիմնադրամին հավատարմագրված կառույցի ղեկավար, խոսել է նաև քաղած դասերից, որոնք կարող են ԱրմՍվիսԲանկին որպես ուղղորդում լինել։