ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2025
Աշխատանքային այց «Հայանտառ» ՊՈԱԿ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով եղել է նախարարության ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել կազմակերպության ղեկավար կազմի և մասնագետների հետ՝ քննարկելու անտառային ոլորտի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը նախարարին ներկայացրել է այս տարվա անտառտնկումների և անտառվերականգնման ծրագրերի ընթացքը, իրականացվող աշխատանքների աշխարհագրությունն ու ծավալները։ Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկ վառելափայտի տրամադրման գործընթացում իրականացվող բարեփոխումներին՝ դրանք դարձնելով առավել թափանցիկ և հասցեական։
Նախարար Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանի բնապահպանական քաղաքականության հաջորդ կարևոր փուլը կապված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում միջազգային բնապահպանական հանրության ուշադրությունը առավելապես սևեռված է Հայաստանի վրա, ինչը պարտավորեցնում է ոլորտային կառույցներին ցուցադրել առավել բարձր պատասխանատվություն, հետևողականություն և պրոֆեսիոնալ մոտեցում։ Նախարարն աշխատակիցներին հորդորել է կրկնապատկել ջանքերը և առավել կազմակերպված կատարել առաջիկա աշխատանքները։
Քննարկվել են նաև ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև վերահսկողական մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։
Նախարարն հատուկ շեշտել է, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակում է մնալ գործունեության առանցքային ուղղություններից։ Ներկայում իրականացվում են նոր գործընկերությունների ձևավորման և արդեն գործող ծրագրերի ընդլայնման գործընթացներ՝ նպատակ ունենալով ներգրավել տեխնիկական աջակցություն, նորագույն տեխնոլոգիաներ և առաջատար փորձ։ Նախարարի համոզմամբ՝ միջազգային համագործակցության խորացումն էականորեն կբարձրացնի ոլորտային կարողությունները և կնպաստի Հայաստանի անտառային ֆոնդի պահպանությանը և կայուն զարգացմանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել ոլորտային գործընթացները և ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության և անտառային ռեսուրսների պահպանության։