«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը խոսել են գյուղատնտեսական աշխատանքների նպատակով չոր տերևների և խոզանների այրման բացասական հետևանքների մասին։
Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:
Հրդեհները կարող են առաջացնել հողի էրոզիա և դեգրադացիա, ինչը ազդում է սննդանյութերի պարունակության և հողի կառուցվածքի վրա: Սա կարող է ազդել բույսերի վերականգնման և էկոհամակարգի ընդհանուր առողջության վրա: Վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը՝ հողին բարձր որակական հատկանիշներ հաղորդող անհրաժեշտ և կարևոր միկրոօրգանիզմները, նվազում է հողի խոնավությունը,
նվազում է դրա բերրիությունը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=Ec0CwO4T5Tc
