ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2024
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արտագնա աշխատաժողով

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արտագնա  աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են  Շրջակա միջավայրի նախարարության  Ջրային ռեսուրսների կառավարման և ջրային քաղաքականության վարչությունների գործողությունների մշակված պլանները։
Աշխատաժողովին մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ շահագրգիռ կազմակերպություններից։
Ելույթի իր խոսքում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է ջրային քաղաքականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, որոնք ուղղված են ջրախնայող համակարգերի ներդրմամբ ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը։
Տիգրան Գաբրիելյանը  նշել է, որ 
2022 թվականին Ջրային օրենսգրքում կատարվել են լայնածավալ փոփոխություններ, 
հաստատվել է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր կարգը, ինչի համաձայն հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը, 
հաստատվել նաև  տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգը, 
թարմանցման և վերազինման գործընթացում է ջրային պետական կադաստրի տվյալների բազան,
մշակվում են Հյուսիսային, Արարատյան և Հարավային ջրավազանային կառավարման պլանները, ընդ որում Հարավայինը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ,
ջրօգտագործման թույլտվությունների տրադրման գործընթացը պարզեցնելու համար աշխատանքներ են տարվում ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերի թվայնացման ուղղությամբ։
«Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքները և նոր իրավակարգավորումները ջրային քաղաքականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում նոր կարողությունների զարգացման անհրաժեշտություն են առաջացրել։   
Ջրային ռեսուրսների կառավարման վարչության՝ ներառյալ ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և Ջրային քաղաքականության վարչության կարողությունների բարձրացումը էական նշանակություն ունի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բարելավման համար։  Ակնկալում եմ, որ սույն աշխատաժողովի ընթացքում քննարկվող կարողությունների զարգացման գործողությունների պլանը ուղենիշ կհանդիսանա Շրջակա միջավայրի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև հետագա համագործակցության համար և շոշափելի արդյունք կառաջացնի վարչությունների կարողությունների բարձրացման համար»,-նշել է նախարարի տեղակալը։
Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ներկայացուցիչներ, փորձագետներ։