ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2025
Կայացել է հայ-ռուսական աշխատանքային խմբի հանդիպումը

Հունիսի 9-10-ը Կիսլովոդսկում կայացել է հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
Ռուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում կայացել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2024-2025թթ. ծրագրի իրականացման աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին Շրջակա միջավայարի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության  ղեկավարի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, ծառայությունում խորհրդական Արթուր Ղարաքեշիշյանը և ներկայացուցիչներ շրջակա միջավայրի մասնագիտական ստորաբաժանումներից։
Հանդիպումը համատեղում էր ոլորտի օրենսդրական քաղաքականության, բնապահպանական վերահսկողության, կենսաբազմազանության պահպանության և մի շարք այլ առանցքային ուղղություններով երկուստեք փորձի փոխանակման և համագործակցության խորացման օրակարգ։
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը  հանդես է եկել ելույթով։
Իր ելույթի ընթացքում Սերգո Աթանեսյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից վերջերս գործարկված թվային անտառտնկման հարթակը՝ treeme.am-ը՝ որպես բնապահպանական նախաձեռնությունների հանրային ներգրավվածության նորարարական գործիք։ Տեղի է ունեցել թվային սիմվոլիկ ծառատունկ՝ որպես համագործակցության շարունակականության և կայունության խորհրդանշական դրսևորում։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
- Ընդունված որոշումների կատարողականը (2023թ. Ջերմուկի հանդիպման արձանագրությունից),
-️ Թափոնների կառավարման օրենսդրական կարգավորումները,
-️ Օդի աղտոտման վերահսկման մեխանիզմները,
-️ Ջրային պաշարների վերականգնման լավագույն պրակտիկաները,
-️ Կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձը,
- Առաջիկա տարիների համագործակցության ծրագրային ուղղությունները։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ՝ Մուրադ Նուրիջանյանը և Արթուր Ղարաքեշիշյանը, հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի օրենսդրական զարգացումները, ինչպես նաև էկոպարեկային ծառայության ներդրման և կենսաբազմազանության պահպանման փորձը։
Քննարկումների արդյունքում ստորագրվել է համատեղ արձանագրություն, որով ամրագրվել են ձեռք բերված պայմանավորվածությունները և նշվել  հետագա քայլերը։
Հանդիպումը զուգորդվել է նաև էկոտուրիզմին և հանրային իրազեկմանն ուղղված այցով Կիսլովոդսկի ազգային պարկի Այցելուների կենտրոն, ինչպես նաև քննարկվել է խմբի հաջորդ հանդիպման անցկացման վայրը և ժամկետները։