ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
«Արևիք» ազգային պարկում մեկնարկել է նոր արահետի նախագծման աշխատանքները

Հունիսի 19- 26-ը Շրջակա մջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում անցկացվել է «Երիտասարդներ հանուն փոփոխության. Սյունիք 2022» ծրագրի առաջին փուլը, որն իրականացվել է «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի և ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում՝ Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ: 
«Արևիք» ազգային պարկում տեղակայվել էր վրանային կրթական ճամբար, որին ներգրավվել էր 11 կամավոր՝ ՀՀ տարբեր մարզերից։ Մասնակիցներն ընտրվել էին նախապես իրականացված առցանց հարցման արդյունքում գրանցված 145 դիմորդներից՝ հարցազրույցի միջոցով։ 
Ծրագրի մասնակիցները՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ անցկացրած ճամբարի ընթացքում, ունեցան արահետաշինության, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացներ` աշխատելով Տրանսկովկասյան արահետի մաս կազմող Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի կառուցման և գծանշման վրա։ Առաջին փուլի արդյունքում Մեղրիից դեպի Խուստուփ ձգվող արահետի վրա իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 6 կմ։ 
Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կամավորներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։