ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.12.2025
Կառավարությունը հավանություն տվեց մթնոլորտային օդի ոլորտը կարգավորող կարևոր նախագծերի

Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի և օդի որակի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծով սահմանվում են մոնիթորինգի իրականացման, տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և հանրությանը տրամադրման ընթացակարգերը։  
Նախագծով ամրագրվում է, որ պետական մոնիթորինգը իրականացնում է միայն ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, և օդի որակի տվյալներ կարող է տրամադրել միայն ՊՈԱԿ-ը։  
Նախատեսվում է նաև օդի որակի ինդեքսի ներդրում և հանրության (այդ թվում՝ զգայուն և խոցելի խմբերի) իրազեկում՝ հնարավոր ազդեցությունների ու կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։  
Նախագծով ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել  2028 թվականի հունվարի 1-ը:
Միաժամանակ, հավանություն է տրվել ՀՀ և Ճապոնիայի միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագծի մասին կառավարության որոշման նախագծին։ 
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 250.0 մլն ճապոնական յեն դրամաշնորհ (շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար)՝ ՇՄ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի օդի` որակի մոնիտորինգի կայանների համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ 
Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է արդիականացնել դիտացանցի 3 դիտակայան՝ ժամանակակից ավտոմատ չափում ապահովող (ճապոնական Horiba) սարքավորումներով։