Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանն ու Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և համալսարանի Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գևորգյանին։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարը հիշատակել է նախարարության և համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը և փաստել, որ կարիք կա նոր շունչ հաղորդելու հուշագրից բխող երկկողմ պարտավորությունների կատարմանը։
Հանրապետության էկոկրթական միջավայրի բարելավման, հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջընթաց գրանցելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի հունվարի 27-ին Ագրարային համալսարանի հետ համագործակցության հուշագիր է կնքել։
Նախարարը գործընկերներին է ներկայացրել ՇՄՆ Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում մեկնարկած բարեփոխումները և հույս հայտնել, որ այդ բարեփոխումների շղթայում իր կարևոր դերակատարումը կունենա համալսարանի գիտական ներուժը։
Արդեն տևական ժամանակ է՝ Ագրարային համալսարանի ավարտական կուրսի ուսանողներն իրենց ուսանողական պրակտիկան առավել հագեցած ծրագրով անցկացնում են Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառնտեսություն» մասնաճյուղերում։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները սիմվոլիկ վճար են ստանում։
Պարոն Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել ուսումնագիտական և փորձագիտական համագործակցության ստեղծված հնարավորության համար։ Ռեկտորի խոսքով դա հիանալի հնարավորություն է միմյանցից սովորելու և ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելու համար։
Նարարարին են ներկայացվել համալսարանի նորացված ծրագրերը և դրանցում բնապահպանական բաղադրիչի ներառումը, ինչպիսիք են՝ անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ, շրջանաձև տնտեսությունը, թափոնների կառավարումը և այլն։
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ստորաբաժանումներում կադրային վերազինման և համակարգը նոր կադրերով համալրելու խնդիրը։
«Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որ ոլորտին այդքան անհրաժեշտ նեղ մասնագիտական կրթությունը ստանալուց հետո ուսանողը հնարավորություն և ցանկություն ունենա իր ակադեմիական գիտելիքները պետական կառույցում աշխատանքի միջոցով իրացնելու»,-նշել է նախարարը։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն առաջարկել է համալսարանի ուսանողների փորձ-ուսուցումը կազմակերպել ոչ միայն նախարարության ենթակա ստորաբաժանումններում, այլ նաև կենտրոնական ապարատում։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում առկա կարիքները և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել դառնալ կամուրջ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների և գիտական ինստիտուտների միջև՝ համագործակցության արդյունքում ստացած վերջնական պրոդուկտը շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը ծառայեցնելու տեսլականով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բուհ-պետական գերատեսչություն համագործակցության հարցերի լայն շրջանակ։
Կողմերը պայմանավորվել են որդեգրել գիտական արդյունքը քաղաքականության վերածելու գործելաոճը և առաջիկայում գույքագրել մասնագիտական ներուժի ու գիտական հենք ունեցող թեմատիկ ուսումնասիրությունների Շրջակա միջավայրի նախարարության կարիքները, որը հիմք կհանդիսանա համալսարանի կողմից իրականացվող գիտական աշխատանքների և ուսումնասիրությունների համար։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության կայացմանը, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել լիարժեք մասնակցել այդ համագործակցության արդյունքում ծնված ծրագրերին ու միջոցառումներին։
