ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.07.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ  Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել  «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության և կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներ, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին նախարար Հակոբ Սիմիդյանը նախ անդրադարձել է քննարկումը Օրհուս կենտրոնում նախաձեռնելու նպատակին։
«Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու համատեքստում խիստ կարևորում եմ այս քննարկումը հենց այստեղ կազմակերպելու հանգամանքը և ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում:Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կստանանք ներառական և համապարփակ փաստաթուղթ, այլև հստակ  կնախանշենք մեր ակնկալիքները օրենքի նախագծից»,-նշել է նախարարը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են նախագիծը, որին հաջորդել է ակտիվ քաննարկում։
Շրջակա միջավայրի պահպանության ստեղծմամբ նախատեսվում է շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում իրականացնել բարեփոխում, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների («Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Սևան» ազգային պարկ») և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով։
Նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական։