ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2023
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպումն ուղղված էր Օրհուս կենտրոնների դերին՝ շրջակա միջավայրի պահպանության, կանաչ տնտեսության սկզբունքների տարածման և վտանգավոր թափոնների կառավարման հետ կապված տարբեր հարցերում հասարակության մասնակցության խթանման գործում։
Աշխարհի տասնչորս երկրների Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների շարքում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` քննարկելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Օրհուս կենտրոնների դերի և ակտիվ գործունեության հարցը, տեղեկանալու լավագույն փորձին, ինչպես նաև ներկայացնելու բնապահպանական իրազեկման և կրթության ոլորտում ձեռքբերումները, հասարակության արդյունավետ մասնակցության ձևերը: 
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են օրակարգային հարցեր` ուղղված բնապահպանական որոշումների կայացման գործում պետություն-հասարակություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում թվային գործիքների կիրառման միջոցով: Հանդիպման մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են Օրհուս կենտրոնների դերը բնապահպանական որոշումների կայացմանը հասարակության մասնակցության խթանման գործում, ներկայացրել Կանաչ տնտեսության սկզբունքների խթանման, ինչպես նաև Օրհուս կենտրոնների կողմից վտանգավոր և թունավոր թափոնների կառավարման ներդրումների վերաբերյալ զեկույցներ։ 
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը ու հանրության արդյունավետ ներգրավման ներուժի իրացման հնարավորությունները։ Ներկայացրել է կենտրոնի միջոցով պետական գերատեսչություն-հանրային հատված կապի ապահովման գործիքակազմը և Հայաստանում Օրհուս կենտրոնների վերակտիվացման և իրավական կարգավիճակի հստակեցման հարցը։ Նա անդրադարձել է նաև իրազեկման և մասնակցության գործընթացների թվայնացման կառավարության քաղաքականությանը։ 
Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են լիցքային պատվար ունեցող աշխարհում ամենաբարձր՝ Նուրեկի հիդրոէլեկտրակայան՝ տեղում ծանոթանալու կայանի աշխատանքներին և Տաջիկստանի վերականգնվող էներգետիկայի պոտենցիալին։ Այստեղ հիդրոէներգետիկայի միջոցով ապահովվում է ներքին սպառման էլէկտրաէներգիայի շուրջ 96%-ը։