ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2024
Կայացել է «Հանրային իրազեկում աղետներից առաջ և ճգնաժամային իրավիճակներում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղան քննարկում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել «Հանրային իրազեկում  աղետներից առաջ և ճգնաժամային իրավիճակներում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղան հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների պատճառներն ու աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ իրազեկման ներկայիս մեխանիզմները։
Քննարկմանը մասնակցել են ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ԱՌՆԱՊ հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 
Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների ընթացքում դիտված ջրերի ելքերի, ինչպես նաև հիդրոէկոլոգիայի և օդերևութաբանության հարցերի վերաբերյալ  ելույթով հանդես են եկել ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Սոնա Հայրապետյանը և Ամալյա Միսակյանը։
Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման իրազեկման ներկայիս մեխանիզմների վերաբերյալ իր ելույթում մանրամասն տեղեկատվություններ է հայտնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լիաննա Աբրահամյանը։
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը ներկաներին տեղեկացրել է «Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մշակման, առաջիկայում իրականացվող ծրագրերի մասին։
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն անդրադարձել է Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, որին առցանց միացած Ալավերդի քաղաքի բնակիչ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է աղետի գոտու բնակիչների մտահոգություններն ու տեսակետները։ 
Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործում կարևորագույն գործոնը վաղ ազդարարման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունն է, որին հասնելու համար պետք է մեկտեղվեն պետական, մասնավոր և շահագրգիռ հանրության ջանքերը։