Փետրվարի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր, որի կարգախոսն է՝ «Պաշտպանենք խոնավ տարածքները մեր ընդհանուր ապագայի համար»։
Հայաստանի բնության պետական թանգարանում օրվա շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Ճենտերեճյանը ներկայացրել է խոնավ տարածքների կարևորությունը, խոնավ տարածքների բազմազանությունը և կենսաբազմազանությունը։ Նա մանրամասնեց՝
- Ի՞նչ է խոնավ տարածքը,
- Ինչո՞վ է այն կարևոր թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրության համար,
- Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում դրանց պահպանության և վերականգնման համար։
Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և դասախոսներ։
- Հիշեցնենք, որ 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2525 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 257529712 հեկտար: Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին՝ դառնալով 70-րդ անդամ պետությունը։
Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք
- Սևանա լիճ
- Արփի լիճ
- Խոր Վիրապի ճահիճ
Կենսաբազմազանության պահպանման, ջրային թռչունների համար բարենպաստ միջավայրի ապահովման և էկոհամակարգերի կայունության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն Ռամսարի տարածքները, որոնք պետք է պահպանվեն և վերականգնվեն։