Աշխարհում գիտությանը հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը՝ ցորեն արարատյանը, ցորեն ուրարտուն և ցորեն վայրի միահատիկը կամ բեոտիականը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային մեծ բազմազանությամբ, աճում է Հայաստանում։
Պրոֆեսոր Մ․ Գ․ Թումանյանի կողմից վայրի ցորենների հայտնաբերումը Հայաստանում (1930, 1935թ․) ցնցող իրադարձություն էր գիտական աշխարհում։ Այն փոխեց պատկերացումը թիվ մեկ մշակաբույսի ծագման կենտրոնի մասին։ Ոգևորված Թումանյանի հայտնագործությամբ և անձամբ ուսումնասիրելով վայրի ցորենների աճելավայրերը` աշխարհահռչակ գիտնական Ն․ Ի․ Վավիլովը դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին առաջարկել է պահպանության տակ առնել այդ տարածքները՝ համարելով այն ամենահետաքրքիր անկյուններից մեկը երկրագնդի վրա։
ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի N 324 որոշմամբ Երևան քաղաքի հարավ-արևելյան կողմում՝ Մուշավան և Գեղադիր գյուղերի միջև ստեղծվել է «Էրեբունի» պետական արգելոցը։ Ներկայումս այն զբաղեցնում է 118․75 հեկտար տարածք։ Արգելոցի ստեղծման հիմնական նպատակը՝ Արարատյան դաշտավայրի չորային (քսերոֆիտ) եզակի համալիրներին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, հատկապես վայրի հացազգիների, այդ թվում՝ ցորենի հարյուրից ավելի տարատեսակների գենոֆոնդի և դրանց աճելավայրերի և ապրելավայրերի պահպանությունն է։
Հայաստանում հայտնի վայրի ցորենների երեք տեսակներից երկուսը՝ ցորեն ուրարտուն և ցորեն արարատյանը, գրանցված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N72-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում։ Նշված տեսակների պոպուլյացիաների մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում։
Ցորեն ուրարտու (Triticum urartu Tumnian ex Gandilyan)
- Ներառված է ՀՀ բույսերի Կարմիր գրքում՝ «Վտանգված տեսակ» կատեգորիայով։ Հայաստանում հայտնի է բուսատեսակի ընդամենը մեկ պոպուլյացիա։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
- Միամյա խոտաբույս է՝ փռված ցողունով, 40-100 սմ բարձրությամբ։ Արմատային համակարգը փնջաձև Է, ցողունը՝ գլանաձև, տերևները՝ նշտարաձև իսկ ծաղկաբույլը՝ բարդ հասկ։ Հասկիկները՝ 5-11 սմ երկարությամբ։ Հասկերի առանցքը՝ մասերի բաժանվող։ Հասկիկները՝ մինչև 30, մեկ կարմրավուն հատիկով։ Հասկիկում երկու ներքևի ծաղիկների ստորին ծաղկային թեփուկները՝ քիստերով։
- Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկ շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց)։ Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Լիբանանում։
- Աճում է միջին լեռնային գոտում՝ ծ.մ․ 1200-1600մ բարձրությունների վրա՝ տափաստաններում, կավային և քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։
- Սահմանափակող գործոններ են՝ սահմանափակ տարածում և աճելավայրեր, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելեորացիայի, կլիմայի փոփոխության հետ։
Ցորեն արարատյան (Triticum araraticum Jakubz․)
- Ներառված է ՀՀ բույսերի Կարմիր գրքում՝ «Խոցելի տեսակ» կատեգորիայով։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
- Միամյա, մոմային փառով ծածկված ուղիղ կանգնած ցողունով, 70-110 սմ բարձրությամբ բույս է։ Հասկերը երկշարք՝ 6-13 մմ լայնությամբ։ Հասկերի առանցքը հեշտությամբ բաժանվու է մասերի։ Հասկիկները՝ 2 հատիկով։
- Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկ շրջանում (Ողջաբերդ և Վեդի գյուղերի շրջակայք, «Էրեբունի» պետական արգելոց) և Դարեղեգիսի ֆլորիստիկ շրջանում (Արենի, Արփի, Աղավնաձոր գյուղերի շրջակայք)։ Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Անատոլիայում, Նախիջևանում, Իրաքում, Իրանում։
- Աճում է միջին լեռնային գոտում՝ ծ.մ․ 1200-1600մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին, ցանքերում, ոռոգող ջրանցքների երկայնքով։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։
- Սահմանափակող գործոններ են՝ սահմանափակ տարածում և աճելավայրեր, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելեորացիայի, կլիմայի փոփոխության հետ։
Ցորեն վայրի միահատիկ (բեոտիական) (Triticum boeoticum Boiss․)
- Չնայած այս տեսակը ավելի հաճախ է հանդիպում, քան մյուս վայրի ցորենները, բայց դրա տարածման արեալը ևս արագ կրճատվում է աճելավայրերի յուրացման արդյունքում։ Միամյա, խիստ ճյուղավորվող բույս է՝ 40-120 սմ բարձրությամբ։ Հասկերը՝ 5-15 սմ երկարությամբ, հասկիկները մինչև 40 հատ։ Հասկիկների թեփուկները՝ 6-9 մմ երկարությամբ, հատիկները՝ կարմիր, երբեմն կանաչ։ Տերևաթիթեղները բացի կարճ մազիկներից ծածկված են երկար, կոշտ թարթիչներով։
- Հայաստանում հանդիպում է Երևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկ շրջաններում։ Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Կովկասում, Անատոլիայում, Հարավային Ղրիմում, արևելյան Միջերկրածովային ավազանում, Իրանում։
- Աճում է միջին լեռնային գոտում՝ ծ.մ․ 1250-1800մ բարձրությունների վրա, չոր կավային լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։
- Սահմանափակող գործոններ են՝ սահմանափակ տարածում և աճելավայրեր, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, մելեորացիայի, կլիմայի փոփոխության հետ։