Կայացավ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի մեկնարկային աշխատաժողովը:
Հայ-գերմանական ակտիվ համագործակցության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։
Ծրագրի տևողությունը՝ 6 տարի է: Այն հանդիսանում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ամենակարևոր ծրագրերից մեկը, քանի որ դրա իրականացման արդյունքում մենք հասնելու ենք պահպանվող տարածքների և անտառների կայուն կառավարմանը, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի ոլորտի ամենակարևոր բարեփոխման՝ Էկոպարեկային ծառայության կայացման օժանդակմանն ու աջակցությանը։
Այսօր տեղի է ունեցել Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքների բաղադրիչի մեկնարկային աշխատաժողովը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անդրադարձել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ նշելով, որ համաժողովին նախապատրաստվելու ընթացքում պետք է կրկնպատկել ջանքերը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բնապահպանական ծրագրերը և քաղաքականություները պատշաճ կերպով իրականացվեն։
«Համաժողովը հսկայական նշանակություն կունենա ինչպես մեր երկրի համար՝ միջազգային հանրության առջև մեզ դասելով կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման ոլորտում առաջատար դիրքում»,-նշել է Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Պահպանվող տարածքների և կենսաբազմազանության բաղադրիչի մասով իրականացնող խորհրդատու ընտրված «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի հետ իրականացվող աշխատանքներին՝ նշելով, որ արդեն իսկ առկա է բնապահպանական խնդիրների հասցեագրման և լուծման երկարամյա համագործակցության փորձ։
Ելույթով հանդես է եկել նաև Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը։
Աշխատաժողովին համառոտ ներկայացվել է Ծրագրի մեկնարկային փուլի գործունեությունը, իրավիճակային վերլուծություն, ինչպես նաև համաձայնեցվել են հետագա քայլերն ու ժամկետները։
Ծրագրի Կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է՝
- ԲՀՊՏ կառավարման պլանների մշակում,
- նոր ԲՀՊՏ- ների ստեղծման առաջարկի ներկայացում
- ԲՀՊՏ-ների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում
- ԲՀՊՏ-ները կառավարող ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական եկամուտների ավելացում
- Էկոզբոսաշրջության խթանում
- հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում
- կենդանական և բուսական աշխարհի հաշվառում
- կարմիր գրքի վերանայում
- մոնիտորինգի համակարգի ներդրում և այլն։