ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.12.2022
Տեղի է ունեցել «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, մոբիլիզացիա և կառավարում» գործողության ավարտական միջոցառումը

Տեղի է ունեցել  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ԷԿՈսերվ ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, մոբիլիզացիա և կառավարում» գործողության ավարտական միջոցառումը: 
Գործողության նպատակն էր ստեղծել կենսաբազմազանության տվյալների թվայնացման ազգային կարողություններ՝ Կենսաբազմազանության գլոբալ տեղեկատվական համակարգի/ԿԳՏՀ (Global Biodiversity Information Facility/GBIF) միջազգային ստանդարտների հիման վրա։ 2020թ-ից Հայաստանը հանդիսանում է ԿԳՏՀ-ի ասոցիացված անդամ, ի դեմս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) ներկայացուցչի որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար: 
ԿԳՏՀ տվյալները կարող են օգտագործվել ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության և որոշումների կայացման համար:
Գործողության շրջանակներում մշակվել են հայալեզու ուսուցողական մոդուլներ և հոկտեմբերի 17-27-ի ընթացքում իրականացվել են երկօրյա տեսական և դաշտային ուսուցումներ պետական կառավարման (ՇՄՆ և ենթակա կառույցներ), ակադեմիական, քաղաքացիական և գործարար ոլորտների՝ ընդհանուր 57 հոգու ներգրավմամբ: Ուսուցման մասնակիցները ծանոթացել են ԿԳՏՀ-ին և ձեռք են բերել համակարգի հետ աշխատելու գործնական հմտություններ: Միջոցառման ընթացքում նրանց շնորհվեցին հավաստագրեր: ԿԳՏՀ-ն համալրվել է Հայաստանում գործող կառույցների և անհատների կողմից մուտքագրված ավելի քան 10000 նշումներով: