ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2025
Երեք գորշ արջ տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Տասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջ տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն:
Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի։ 
Առավոտյան ժամերից մինչև ուշ գիշեր FPWC թիմը, International Animal Rescue ներկայացուցիչները, ՇՄՆ աշխատակիցները, ոստիկանները, փրկարարները, կենդանասերները և լրագրողները  հսկողություն էին իրականացնում Սվաճյան փողոցում։ 
Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցությունների արդյունքում թիմը կարողացավ մուտք գործել տարածք և գործի անցնել։ Սա ավարտին հասցրեց դեռևս 2019թ.-ից քաղաքացիների ահազանգերով սկիզբ առած պայքարը, որի նպատակն էր ազատել ինչպես արջերին, այնպես էլ վերացնել բնակելի թաղամասում մանկապարտեզներից և դպրոցներից ոչ հեռու գտնվող վտանգավոր իրավիճակը։ 
Նախնական զննությամբ պարզվել է, որ արու արջը չափազանց ճարպակալած է (250-300 կգ) և ատամների մեծ մասը կոտրված ու վնասված է։ 
Մյուս երկու առանձնյակներն էգեր են, որոնցից մեկը ծնվել է հենց այդ նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել է ողջ կյանքում։ 
Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։  Արու առանձնյակի համար պլանավորվում է հատուկ ատամնաբուժական վիրահատություն՝ նրան ցավերից ազատելու և ուտելու կարողությունը հնարավորինս վերականգնելու նպատակով։ 
DISCLAIMER: This photo footage is shared solely for the purpose of raising awareness and rescuing animals in distress. The content is intended for educational and informational purposes only. We strongly condemn any form of animal cruelty and do not advocate for or encourage violence of any kind. Our mission is focused on animal welfare and protection.