ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Փարիզում մասնակցել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» Կանաչ տնտեսություն տարածաշրջանային վեհաժողովի հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը սեպտեմբերի 22-23-ը Փարիզում մասնակցել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) Կանաչ տնտեսություն տարածաշրջանային վեհաժողովի չորրորդ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկեր երկրների շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների ազգային համակարգողները, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ անդամ պետությունները, քաղաքացիական հասարակությունն ու EU4Environment իրականացնող գործընկերները (OECD, UNECE, UNEP, UNIDO) և Համաշխարհային բանկը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի շոշափելի ձեռքբերումներին, քննարկվել են 2022 թվականից մինչև 2023 թվականը երկրի և տարածաշրջանային նորացված աշխատանքային ծրագրերը։ Քննարկվել է նաև Ծրագրի կառավարումը, հաղորդակցությունը և համակարգումը այլ համապատասխան նախագծերի հետ, ինչպիսիք են EU4Environment. Water and Data, EU4Climate և EU4Energy։
Հանդիպման երկրորդ օրը քննարկումներ են եղել շրջանաձև տնտեսության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել ներկայացնել Եվրոպական միությունում այս թեմայի շուրջ վերջին զարգացումները և վերանայել «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի շրջանակներում հարակից գործունեության առաջընթացը:
Նիստը ներառել է նաև «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի վերջին աշխատանքի շնորհանդեսը արդյունաբերական թափոնների քարտեզագրման վերաբերյալ, որը՝ որպես շրջանաձև տնտեսության հիմնասյուներից մեկը, նպաստում է արդյունաբերական թափոնների վերամշակմանը:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով նաև «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի ազգային համակարգողն է, իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական քաղաքականության և օրենսդրության բարելավման ուղղությամբ կատարված քայլերին։
Նախարարի տեղակալի զեկույցին կարող եք ծանոթանալ ստորև