Տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» PROGRESS ծրագրի ազգային աշխատաժողովը և դրա բաղադրիչ հանդիսացող «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» (EU4ClimateResilience) ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Միջոցառման նպատակն էր հայտարարել ծրագրային բաղադրիչների և գործողությունների մեկնարկի մասին և ներկայացնել հետագա քայլերը գործընկերներին:
«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային կառավարության միջազգային կլիմայի նախաձեռնության(IKI) և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Եվրոպական բիզնես ասոցիացիայի (Մոլդովա) և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտի (IEF) հետ համատեղ:
Ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին անցում կատարել կլիմայանպաստ, դիմակայուն և կանաչ տնտեսության զարգացմանը:
Նախարարի տեղակալն հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Լիահույս եմ, որ մեկնարկող ծրագիրը կփոխլրացնի և կնպաստի Հայաստանում ռազմավարական փաստաթղթերով հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը՝ ընդլայնելով և խթանելով էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կնպաստի մեր երկրում հարմարվողականության կարողությունների բարձրացմանը՝ կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու համար»։
PROGRESS-ն աջակցում է գործընկեր երկրներում գյուղատնտեսական տարբեր արժեշղթաներում ավելի կայուն արտադրության մոդելների ներդրմանը: Այն իր մեջ ներառում է աջակցություն՝ ուղղված ինստիտուցիոնալ շրջանակի պայմանների բարելավմանը, ինչպես նաև հարակից ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածներում միջոցառումների իրականացմանը:
«Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» (EU4ClimateResilience) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից: Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից: Այն «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանումը (ProGRess)» ծրագրի մասն է: Այս փոխլրացումն արտահայտում է Թիմ Եվրոպա մոտեցումը:
Ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին բարելավել կլիմայի փոփոխության և հարմարվողականության քաղաքականությունները և հասնել Փարիզյան համաձայնագրի ներքո դրված հարմարվողականության և մեղման նպատակներին: