ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2025
Դեկտեմբերի 11-ը նշվում է որպես լեռների միջազգային օր

Դեկտեմբերի 11-ն ամբողջ աշխարհը նշում է լեռների միջազգային օրը՝ կարևորելով լեռների նշանակությունը։
Լեռների միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2002 թվականին՝ բարձրացնելու լեռնային էկոհամակարգերի պահպանության կարևորության մասին իրազեկվածությունը։ 
Լեռները պահպանում և կարգավորում են կենսաբազմազանության բնական շրջանառությունը․ այստեղ ձևավորված միկրոկլիման առավել նպաստավոր է բազմաթիվ էնդեմիկ տեսակների պահպանման համար։ Լեռնային էկոհամակարգերի ցանկացած շեղում կարող է ազդել ոչ միայն կենսաբազմազանության, այլև մարդկանց կենսական ապահովման վրա։ 
Հայաստանը լեռնային երկիր է, որտեղ բարձր ժայռային լանդշաֆտները ձևավորում են բնական և մշակութային ժառանգության հիմնասյուներից մեկը։ 
Լեռների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու լեռնային էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտությունը և խթանելու պատասխանատու վերաբերմունք բնական ռեսուրսների նկատմամբ։
Շրջակա միջավայրի նախարարությունը միանում է Լեռների միջազգային օրվա առաջնահերթություններին՝ շարունակելով աջակցել Հայաստանի լեռնային տարածքների պահպանությանը, կայուն օգտագործմանը և համայնքների դիմակայունության բարձրացմանը։