Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ք. Հանճոու) մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և BOE Technology Group-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Հետազոտությունից դեպի դիմակայունություն․ կենսոլորտային արգելոցների հզորացում Գիտության տասնամյակի շրջանակում» թեմայով միջազգային քննարկմանը։
Նախարարի տեղակալն հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է, որ Հայաստանի նման լեռնային երկրում դիմակայունությունը տեսական հասկացություն չէ, այլ կյանքի մի ձև։
Արամ Մեյմարյանը շեշտել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Գիտության միջազգային տասնամյակի (2024–2033) համահեղինակ երկրներից է և լիովին հանձնառու է գիտական արդյունքները վերածել գործնական արժեքի։ Նա հիշեցրել է նաև, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը (CBD COP17), որը կարևոր հանգրվան է դառնալու գիտության ու քաղաքականության համադրման գործում։
Իր ելույթում նախարարի տեղակալն առանձնացրել է երեք ուղերձ․
Գիտական հետազոտությունները պետք է քայլ պահեն աճող բնապահպանական ռիսկերի հետ,
Դիմակայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համայնքները ունեն հնարավորություն ու գործիքներ հարմարվելու և զարգանալու համար,
Գործընկերությունն ու համատեղ ջանքերը ամենաարդյունավետ ճանապարհն են գիտական փաստերը վերածելու գործնական քայլերի։
Ամփոփելով՝ Արամ Մեյմարյանը կոչ է արել միջազգային գործընկերներին համատեղել ջանքերը՝ գիտական հետազոտությունները վերածելու համայնքների և բնության համար իրական արդյունքի։
