ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.10.2017
Ոչ ֆորմալ հանդիպում բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել բնապահպանական թեմաներ լուսաբանող «Էկոմեդիա ցանցի» լրագրողների հետ: Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, բարեփոխումների ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծվիկ Մինասյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի հիմքում պետք է դրվի սահմանադրական նորմը` սերունդների առաջ պատասխանատու լինելու սկզբունքը, ինչը հնարավորություն կտա բնական ռեսուրսներն այնպես բաշխել, որ դրանցից հնարավորություն ունենան օգտվել բոլոր սերունդները: Ըստ նախարարի,  պետք է հրաժարվել  բնական ռեսուրսների այնպիսի օգտագործումից, ինչը կխոչընդոտի շրջակա միջավայրի վերականգնումը և բնական ընթացքով վերափոխումը: Նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով տեսչական նոր մարմնի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, շեշտել է, որ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառավարում և կատարյալ վերահսկողություն: Այդ նպատակով բնապահպանության նախարարությունը շահագրգռված է  նպաստելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուժեղացմանը: Ուժեղ, անկախ, կատարյալ տեսչական համակարգը կօգնի գերատեսչություններին կատարելագործել և ուժեղացնել քաղաքականության մշակումը և իրականացումը: Այդ նպատակով գերատեսչությունը նաև հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ`որոնցով կփոխվի տեսչական մարմնի աշխատակիցների կարգավիճակը, ինչի արդյունքում տեսուչները վերահսկողություն իրականացնելիս աշխատաժամանակի սահմանափակում չեն ունենա:  Լրագրողների խնդրանքով Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի հիմնական սկզբունքները: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրով մինչև 2050 թվականը նախատեսվում է մի քանի երկրներին/ ԱՄՆ, Ճապոնիա, ԳԴՀ, ՌԴ, Ֆրանսիա / Հայաստանի  ունեցած պարտքի փոխարեն հանրապետությունում իրականացնել շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր և ներկայացրել է  ոլորտները, որտեղ նախատեսվում է իրականացնել ծրագիրը: Ընտրված են այն ոլորտները, որոնք գտնվում են այդ երկրների հետաքրքրությունների շրջանակում: Բնապահպանության նախարարն այդ ծրագիրը համարել է աննախադեպ այն առումով, որ նման ծրագրեր սովորաբար իրականացվել են այն երկրներում, որտեղ արդեն առկա է եղել արտաքին պարտքի վերադարձման խնդիր, իսկ Հայաստանը այդ խնդիրը  չունի և հաջողության դեպքում այն օրինակելի կլինի այլ երկրների համար: Հայաստանում որսի իրականացումը կանոնակարգելու խնդիրների քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Նախարարը նաև հայտնել է, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնություն է հանդես բերել և անձամբ դիմել է իրեն` սիրողական որսի համար նախատեսված «Սաֆարի ինտերնեյշնլ» ընկերության տիրապետման տակ գտնվող տեղամասերը վերածել բնության հատուկ պահպանվող տարածքների, որտեղ կարգելվի  որսը: Բնապահպանության նախարարը կարևորել է, որ մասնավոր կապիտալը ներգրավվում է բնապահպանական խնդիրների լուծման գործում, ինչը հասարակության մոտ բնապահպանական մշակույթի արմատավորման օրինակ է: «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության առաջարկներ: Բանախոսը ցանցի կողմից առաջարկել է մարզերում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մասին տեղեկություն տարածել։ Քանի որ գյուղական վայրերում հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն այդ ոլորտներում բնապահպանության հարցերով մասնագետներ չկան, ապա առաջարկվել է մշակել ձեռնարկներ, որպեսզի բնության վրա ճնշումը մեղմվի։ Ըստ բանախոսի, Էկոկրթության ծրագրումկարևոր բաղադրիչ պետք է լինի թափոնների վերաբերյալ գիտելիքների տրամադրումը, դրանց կառավարման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է պարբերաբարկազմակերպել նաև պատմական, բնության հուշարձանների տարածքների մաքրում, ծառատունկ, նկարչական մրցույթներ, թատերական ներկայացումներ և այլն։ Բնապահպանական թեմաներով գրող լրագրողները կարևորել են այդ գործընթացում միջազգային դոնոր կազմակերպությունների ներուժիներգրավումը և առաջարկելիրենց աջակցությունը հանրապետությունում իրականացվող բնապահպանական միջազգային ծրագրերիտեղեկատվության տարածման բլոկերի իրականացման հարցում: Հանդիպմանը միացել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը: Լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել  վերջինիս և գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներին և ստացել սպառիչ պատասխաններ: