«Բնություն» շաբաթաթերթի հարցերին պատասխանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե․ Տերտերյանը -Պարոն Տերտերյան, ի՞նչ նպատակով ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվեց և ստեղծվեց նոր մարմին` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի՞նչ երաշխիք, որ այն գործելու է ավելի արդյունավետ: -Նախ տեղեկացնեմ, որ Տեսչական բարեփոխումները Հայաստանում մեկնարկել են դեռևս 2009թվականին: Այս նպատակով ստեղծվել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ` վարչապետի գլխավորությամբ: 2014թ. ընդունվել է հայեցակարգ, ըստ որի այդ ժամանակ գործող տեսչությունների փոխարեն մինչ 2018թ․ կձևավորվեն նոր տեսչական մարմիններ, որոնք կաշխատեն նոր մոտեցումներով ու ձևաչափերով: Ստուգում իրականացնող մարմինները գործում էին մի շարք ոլորտներում և շատ հաճախ դրանք խաչվում էին ու առաջացնում կրկնորդումներ: Այս և այլ խնդիրների լուծման համար վերոնշյալ բարեփոխումների շրջանակներում իրականացվեցին տարբեր մարմինների միավորումներ, որի արդյունքում օր`. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությունը և Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը միավորվեցին և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը : Վերահսկողություն իրականացնող մարմինների առավել արդյունավետ գործելու նպատակով տրվեց որոշակի անկախություն, ինչն անհրաժեշտ է, որպեսզի այն վերահսկողություն իրականացնի առավել անկաշկանդ, ներդրվեց կոլեգիալ կառավարման համակարգ՝ Տեսչական մարմնի կառավարման խորհուրդ, որում ընգրկվեցին նաև հասարակական կազմակերպությունների և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: Այս բարեփոխումներով պայմանավորված` մենք վստահ ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամբողջությամբ ձևավորվելուց և կայանալուց հետո գործելու է ավելի արդյունավետ, քան նախկինում: - Ստացվում է Տեսչական մարմինը դեռևս ձևավորման փուլու՞մ է։ - Այո, այս պահին մենք միաժամանակ աշխատում ենք երկու գլխավոր ուղղությամբ: Ձևավորվել, համալրվել աշխատակիցներով, կայանալ, ինչպես նաև զուգահեռ իրականացնել կանոնադրությամբ և ՀՀ օրենքով սահմանված մեր գործառույթները: Աշխատանքը, ինչպես տեսնում եք, բավականին ծանրաբեռնված է, քանի որ ողջ անձնակազմը դեռ համալրված չէ: Ասեմ ավելին` այս պահին ԱԱԾ և ՀՀ ՀՔԾ կողմից հարուցված քր. գործերով նշանակված և իմ 14.09.2017 թվականի հանձնարարագրերի հիման վրա իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ «Հայանտառ» ՊՈԱԿ թվով 8 անտառտնտեսություններում` Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Այս ստուգումներում ընգրկված է տեսչական անձնակազմի մոտ 35 տոկոսը: Ստուգումներում շահերի բախման երևույթն անգամ տեսականորեն բացառելու նպատակով ստուգող աշխատանքային խմբերի ձևավորման հիմքում որդեգրել ենք այն տրամաբանությունը, որ մի տարածաշրջանում իրականացվող ստուգումների գործընթացում պետք է ընգրկվեն մեկ այլ տարածաշրջանի տարածքային ստորաբաժանման տեսուչները: Դրանով կչեզոքացվի ցանկացած անձնական-բարեկամական հարաբերությունների ազդեցությունը ստուգումների արդյունավետության և թափանցիկության վրա, և կբացառվի որևէ շահերի բախում, թեև պետք է նշեմ, որ մենք որևէ կասկած չունենք մեր աշխատակիցների հանդեպ: -Մամուլում լուր տարածվեց, թե Տեսչական մարմնում ճիշտ կադրային քաղաքականություն չի տարվում, որ ոլորտային մասնագետները բացակայում են և որ Ձեր ծանոթ-բարեկամներին եք տեղավորում աշխատանքի: - Մեր կադրային քաղաքականության վարման հիմքում ընկած առաջնային սկզբունքներն են՝ մասնագիտական բարձր պատրաստվածությունը և համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը: Կարևորում ենք նաև հայրենասիրությունն ու բնասիրությունը, որովհետև ահռելի մեծ աշխատանք ունենք անելու, իսկ ես վստահ եմ, որ հայրենասեր և բնասեր մասնագետն ավելի մեծ էնտուզիազմով և նվիրումով կաշխատի, քան զուտ միայն մասնագետը: Իսկ բամբասանքային, չարախնդալու միտումով արված այդ հրապարակումներին ընդհանրապես պետք չէ անգամ ուշադրության արժանացնել, բայց որպեսզի Ձեզ համար պարզ լինի իրավիճակը, ավելացնեմ, որ ձևավորվող Տեսչական մարմնում աշխատանքի ընդունում ենք փորձաշրջանով, նրանք, ովքեր աշխատանքի մեջ իրենց կդրսևորեն բարձր մակարդակով, նրանց հետ էլ կշարունակենք աշխատել, իսկ ովքեր` ոչ, նրանց կփոխարինեն նոր աշխատակիցները: Մենք բաց ենք ցանկացած առաջարկություն, ամենախիստ քննադատություն լսելու, եթե դրանց մեջ սրտացավություն կա այս ընդհանուր գործի համար, այլապես եթե սրտացավություն, մի բան շտկելու ցանկություն չկա քննադատության մեջ, ապա դա ոչ թե քննադատություն է, այլ ընդամենը չարախոսություն, իսկ չարախոսություններին և հերյուրանքներին վերաբերվում ենք հումորով: -Մամուլում լուր տարածվեց նաև, որ Ձեր հարաբերությունները լարված են Բնապահպանության նախարարի հետ, այս մասով ի՞նչ կասեք։ - Կասեմ, դրանք բամբասանքային անտեղյակության ծնունդ, հիմքեր չունեցող ենթադրություններ են: Մեր հարաբերությունները նորմալ են, մենք ջերմ համագործակցային հարաբերությունների մեջ ենք նախարարության հետ: Եվ, առհասարակ, պետական պաշտոնյաներն ունեն մեկ նպատակ, ծառայել պետությանը և նրա բարգավաճմանը, և ես ընդունելի չեմ համարում, որ անգամ եթե որևէ դեպքում պաշտոնյաների միջև լինի անձնական որևէ խնդիր, ապա դա հանգեցնի աշխատանքային լարվածության: Կրկնում եմ, բոլոր պաշտոնյաների նպատակը պետք է լինի մեկը` ծառայել պետության շահերին: - Քանի որ սա Ձեր առաջին հարցազրույցն է նոր մարմնի ղեկավարի պաշտոնում, գուցե թե ասելիք կունենա՞ք մեր թերթի ընթերցողներին: - Մենք բնավ չենք հավակնում մեր որոշումներում լինել բացարձակ ճշմարիտ: Բնական է, նա ով գործում է, չի կարող սխալներից խուսափել: Ուստի ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք բաց ենք հասարակության առաջ, պատրաստ ենք լսել և ընդունել ցանկացած առաջարկ, առողջ քննադատություն, հասարակության, հասարակական կազմակերպություններից անկնկալում եմ սերտ համագործակցություն և ակտիվություն բնապահպանական խնդիրների վեր հանման, ահազանգման և դրանց լուծման հետ կապված, ինչպես նաև հորդորում եմ զերծ մնալ տարատեսակ բամբասանքներից և չարախոսություններից, սիրել բնությունը և հոգ տանել նրա մասին: «Բնություն»