Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության թոփ երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։ Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ «Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին,-նշեց նախարարը և հույս հայտնեց, որ նաև հանդիպմանը ներկա փորձագետներին չի բավարարում իրենց տված եզրակացությունների որակական հիմնավորվածության բովանդակային մասը,- սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ»։ Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։ Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն: Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։ Նախարարը խնդրեց գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը կդառնա պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։