Ի պատասխան «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ի ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ: Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են): Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման սույն անտառհատվածներում կատարվել է ծառերի հաշվառում: 2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս: Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի , «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առիջիկայում: