Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջերի ապօրինի որսի մասին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ Շնորհակալություն ենք հայտնում Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակին ահազանգելու համար։