ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նոր գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակված զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, որը միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։ Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։ Այս զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։ Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3n04fKS