ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2020
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային օրը սկսվեց Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողում: Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ. իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը: Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ նախարարը ծանոթացավ հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեց մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան: Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով, տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70.000-80.000 հատ մանրաձուկ։ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացավ արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ. ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։ Որպես այցի եզրափակում՝ նախարարը ներկա գտնվեց մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան: Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։ Շեշտենք, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։ Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս։