ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն  այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց մեկնարկեց ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ: Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:  Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով: Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին: Այստեղ՝ հենց արգելոցի տարածքում, կարող եք անցկացնել բաց դասեր, գիտական քննարկումներ և էկոկրթական ծրագրեր:  Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։ Ռոմանոս Պետրոսյանի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցի հերթական կանգառը Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։ Կենտրոնի գործունեության նպատակն է այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու արգելոցի ստեղծման պատմության, դրա նշանակության, կենդանական և բուսական աշխարհի, պատմամշակութային արժեքների հետ: Նախարարը շրջեց տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվեցին հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր: